ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Էդուարդ Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպման արդյունքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել է մոտ քսան պատգամավոր բոլոր խմբակցություններից։

Ըստ Շարմազանովի՝ կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, ինքն իր կարծիքն է ասել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել առաջիկա օրերին եւ նորից քննարկել։ Մենք մեր կարծիքը ասել ենք եւ նշել, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունը որեւէ խոչընդոտ արտահերթ ընտրությունների համար չի հանդիսանում, եւ նպատակ չի եղել վիժեցնել արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եթե նման նպատակ լիներ մենք չէինք գնա բանակցությունների, բայց մենք բանակցել ենք»։

Շարմազանովը նաեւ նշեց, որ Փաշինյանը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին, որ դեկտեմբերին պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել. «Տարբեր քաղաքական ուժեր նշում էին արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր ժամնակահատվածներ, նշում էին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը, Ոստիկանությունում փոփոխությունների անհրաժեշտությունը։

Կային ուժեր, որոնք նշում էին փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին, բայց առանց ժամկետներ նշելու։ Սա է եղել։ Բայց որ ասեմ՝ ձեռք ձեռքի ենք տվել եւ վերջնական պայմանավորվածություն է եղել, չէ։ Որեւէ բան չենք պայմանավորվել։ Միակ բանը որ ասել ենք, որ գերակա պետք է լինի պետության շահը եւ երկիրը չպիտի տանենք ցնցումների, միեւնույն ժամանակ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ ԱԺ–ի անկախության սկզբունքը»։

Աղբյուր՝ news.am

Կիսվել