Մամուլ

Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հնարավոր է բարձրացնի ՀՀ անկախության հարցը

Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հնարավոր է բարձրացնի ՀՀ անկախության հարցը

Hraparak.am-ը գրում է․ Արդեն 20 տարի է` տարբեր սցենարների միջոցով փորձում ենք հասկանալ՝ ինչ ու ինչպիսի ճամբարներ կան։ Սա շատ կարևոր է, որովհետև այնպես չէ, որ ամեն ինչ քո կամքից է կախված, շատ տարբեր իրադարձություններից է կախված, որոնք էլ, իհարկե, իրար վրա ազդում են։

Հիմա եթե այդ հարցն անխուսափելի է, պետք է հասկանալ՝ ոնց անենք, որ դառնանք, ասենք, Թաթարստանի պես Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը։

Այս մասին օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել-չստեղծելու մասին, ասել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, ինչը համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել։

Ruben Vardanyan

«Եթե հարցն այդպես է դրված, նորից եմ ասում՝ պետք է մտածել՝ ոնց անենք, որ Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը լինենք, ոչ թե, ասենք, ինչ-որ աղքատ ռեգիոն, որոնք կան Ռուսաստանում։

Եթե մենք նորից դառնում ենք մեծ երկրի մի մաս, մի շարք հարցեր կան, որոնց պիտի անդրադառնանք, օրինակ՝ ոնց անենք, որ մեր լեզուն պահպանենք և այլն։ Հարյուրավոր տարիներ մենք փորձել ենք անկախություն ստանալ, բայց հիմա իրավիճակն այնպես է բերելու, որ չենք կարողանալու այս հարցի հետ կապված ընդդիմություն անել ու պայքարել, որովհետև իրավիճակն է այդպես լինելու։

Իմ մոտեցումն այն է, թե ոնց անենք, որ մեր համար ամենալավը լինի, այսինքն՝ ամենաքիչ վնասը ունենք ու ամենամեծ օգուտները։ Իսկ եթե հնարավորություն կա դա չանելու, պետք է հենց հիմա մտածել՝ ինչ է պետք դրա համար անել, ու անել։

Նախօրոք է պետք մտածել՝ ինչ է պետք անել, որ դա չլինի, հենց հիմա։ Աշխարհն այսօր բաժանվել է երկու մասի, ու մեջտեղում մնալը շատ դժվար է։ Դու կամ այս կողմում ես, կամ՝ մյուս։ Բոլորը հիմա ճնշում են, ասում՝ պետք է կողմնորոշվեք»,- հավելել է նա։

«Ես ուղղակի չէի ցանկանա, որ դա իրատեսական ինչ-որ բան լիներ։ Հայաստանը անկախ ու ինքնիշխան պետություն է, իսկ դա ամրագրված է մեր սահմանադրությամբ։ Իսկ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով այդպիսի կոչեր անողները համաձայնեցվում են սահմանադրական կարգը տապալելու կոչերին։ Քրեական օրենսգրքով դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Հայաստանի անկախությունը ուղղակի չի կարող քննարկման առարկա լինել։

Սա ամոթալի է։ Նա, ով այդ հարցը բարձրացրել է, նախ պիտի հասկանար, որ Հայաստանի սահմանադրությանն է դեմ գնում ու քրեական հանցանք է կատարում»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային` ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Անկախությունը բացարձակ արժեք է։ Նորից ու նորից կրկնում եմ, որ դա սահմանադրությամբ է ֆիքսված, ու այդ կետը փոփոխության ենթակա չէ։

Այո, հնարավոր է Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն այդ հարցը բարձրացնի, բայց ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ առհասարակ ՀՀ որևէ իշխանություն կհամարձակվի դեմ գնալ Սահմանադրությանը ու միևնույն ժամանակ կասկածի տակ դնել ՀՀ անկախությունը։

Կարծում եմ, որ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ, եթե իսկապես նման հարց բարձրացվի, ոչ թե պիտի ասի՝ չէ, այլ պարզապես պիտի ասի, որ Հայաստանի սահմանադրությամբ Հայաստանը անկախ պետություն է, ու այդ հոդվածը փոփոխման ենթակա չէ, հետևաբար անգամ իր ցանկության դեպքում ինքը չի կարող հանրաքվեի դնել այդ հարցը»,- նշեց Բաղդասարյանը։

Կիսվել