Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են, Արցախում կայանալիք ընտրությունների հարցով (Տեսանյութ)
Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են, Արցախում կայանալիք ընտրությունների հարցով։
Ստեփանակերտում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին, դրանց ազատ և թափանցիկ կազմակերպմանը վերաբերող հարցերին:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին:
Վարչապետը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին: