Փայտե մատանիներ, խաղալիքներ և մոմակալներ. ինչպես է գյումրեցին ներկայացնում հայրենի քաղաքը. Ֆոտո
Փայտե մատանիներ, խաղալիքներ և մոմակալներ։ Գյումրեցի նկարչուհի Լուսինե Մովսիսյանի փայտյա իրերը ոչ միայն առանձնանում են իրենց նուրբ ձեռագրով, այլև հայրենի քաղաքի յուրատեսակ այցեքարտն են դարձել. դրանք մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում․ գրում է Sputink Արմենիան։
Լուսինե Մովսիսյանը սեփական ապրանքանիշ ստեղծելու գաղափարով է տարվել, երբ իր սրտով հյուրասենյակի ջահ չի գտել ու սեփական ձեռքերով է պատրաստել։ Կնոջն այդ հարցում օգնել է ամուսինը՝ Արմանը։ Նա հաճույքով է միացել Լուսինեի նախաձեռնությանը, ավելին` երբեմն հետաքրքիր գաղափարների ու մտքերի հեղինակը հենց ամուսինն է լինում:
Լուսինեն ծնվել ու մեծացել է Գյումրիում: Նրա մայրը, ինքնուս ստեղծագործող լինելով, դեռ մանուկ հասակում դստերն է փոխանցել գեղեցիկի հանդեպ սերը: Մայրիկի՝ հետաքրքիր ու նոր գաղափարներով լեցուն աշխատանքները միշտ ոգեշնչել են աղջկան: Ուսում ստանալով Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում՝ նկարչուհի Լուսինե Մովսիսյանը սկզբում դասավանդել է նույն բուհում՝ ստեղծագործելու իր տաղանդը փոխանցելով երիտասարդներին:
Ավելի ուշ ի հայտ են եկել սեփական ձեռքերով պատրաստված եղևնին ու եղևնու փայտե զարդարանքները։ Այստեղ արդեն ոչ միայն ամուսինն է օգնում, այլ նաև երեխաները:
Օրերից մի օր էլ ծանոթներից մեկը, տեսնելով նրա աշխատանքները, առաջարկել է վաճառել տոնածառի փայտե խաղալիքները: Աղջիկը հաճելիորեն զարմացել է, երբ կարճ ժամանակում բոլոր խաղալիքները վաճառվել են, ինչից էլ պարզ է դարձել, որ երիտասարդ արվեստագետի ձեռքերով պատրաստած իրերը պահանջարկ ունեն:
«Տեսա, որ պատրաստածներս դուր են գալիս մարդկանց, որոշեցի ուրախացնել շատերին ու ստեղծել ոչ միայն փայտե խաղալիքներ, այլ նաև մոմակալներ՝ օգտագործելով փայտի բնական տեսքը»,- պատմում է Լուսինեն:
Այսպես 2015 թվականին ընտանիքի անդամների անունների առաջին տառերի հապավումով ստեղծվեց AMEL ապրանքանիշը: Ինչպես ապրանքանիշի անվանումն է, այդպես էլ յուրաքանչյուր աշխատանքի մեջ իրենց տեղն ու դերն ունեն ընտանիքի բոլոր անդամները. փայտը մշակելու գործում օգնում է ամուսինը, իսկ նկարազարդելը երեխաների օգնությամբ է արվում:
Եթե խաղալիքների մեջ Լուսինեն հիմնականում իր մանկության բարի մուլտֆիլմերի հերոսներին ու կենդանիներին է նկարում, ապա մոմակալները տարբերվում են մյուս արվեստագետների ստեղծածներից։ Դրանց վրա հեքիաթային քաղաքների ու հայրենի Գյումրու գեղեցիկ պատկերներն են:
«Մոմակալները հիմնականում զբոսաշրջիկներն են գնում, ու մտածեցի, որ կարելի պատկերել Գյումրու ճարտարապետական կառույցները՝ ներկայացնելով այն հարստությունը, որ ունի մեր քաղաքը»,- նշում է Լուսինեն՝ հավելելով, որ հենց այդպես են ստեղծվել Գյումրու դռների, կամարների ու հայտնի տների պատկերներներով մոմակալները, որոնք հիմա բավական մեծ պահանջարկ ունեն:
Դրանք հիմնականում պատրաստվում են հացենու փայտից, ամուր են, ուշ են ճաքում ու բաց գույն ունեն։ Իսկ երբեմն հենց փայտն է արվեստագետին հուշում իր ճակատագիրը, և գաղափարները հենց նյութից են ծնվում: Լուսինեն նաև փայտե մատանիներ է պատրաստում՝ տնակների տեսքով:
Թեև ստեղծվող գործերն իրարից տարբերվում են ոճով ու թեմաներով, այդուհանդերձ բոլորի մեջ ամենակարևորը բնությունն է ու ընտանիքի գաղափարը, ինչն էլ երիտասարդ արվեստագետը ուզում է փոխանցել գնորդին:
Աղբյուր՝ armeniasputnik.am