Լոռու մարզում ցլիկի պոզահարման հետևանքով 63-ամյա տղամարդ է մահացել
Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված հանդամասում հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 63-ամյա Մերուժան Հ.-ի դին։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր։
Դեպքի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված վնասվածքները ստացել է համագյուղացի 68-ամյա Ալեքսանդր Սիմոնյանին պատկանող ցլիկի կողմից։
Քրեական և համայնքային ոստիկանները վերջինիս անասնագոմում հայտնաբերել են «Զազո» անունով ցուլին, որի պոզերի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
