Մամուլ

«Ցերեկը Եռաբլուրում եմ, որդուս կողքին, գիշերը՝ մտքերով Սարուշենում, ամուսնուս գերեզմանին»

«Ցերեկը Եռաբլուրում եմ, որդուս կողքին, գիշերը՝ մտքերով Սարուշենում, ամուսնուս գերեզմանին»

«Որդուս կարոտն առնելու համար ցերեկը գնում եմ Եռաբլուր, իսկ գիշերը մտքերով Սարուշենում եմ, ամուսնուս գերեզմանին։ Ծանր, շատ ծանր բան է որդի կորցնելը, մանավանդ, երբ գիտակցում ես, որ այն հողի՝ որի համար կյանքը տվել է տղադ, հիմա գրավված է»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Արցախի Սարուշենից բռնի տեղահանված Ալեսյա Առստամյանը։ 

Նրա ամուսինը՝ հրամանատար Վյաչեսլավ Առստամյանը, զոհվել էր արցախյան առաջին ազատամարտում, Ամարասի հովտում մղված կռիվների ժամանակ։ Ալեսյան միայնակ է մեծացրել ու դաստիարակել իր 3 զավակներին։ Արմենը տան կրտսերն էր, ընդամենը մեկ տարեկան, երբ հայրը զոհվեց հայրենիքի պաշտպանության մարտերում։ 

Մայրը պատմում է, որ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, հետո ծառայության անցել ՊԲ շարքերում։ 

«Ինքնուրույն տղա էր։ Մի օր էլ Ռուսաստան գնալու որոշում կայացրեց։ Ուսումը թողեց կիսատ ու գնաց։ 10 տարուց ավելի մնաց այնտեղ։ Հասցրել էր ամուսնանալ, 2 երեխա ունենալ: 2020 թվականի պատերազմում ունեցած մեր կորուստները շատ ծանր էր տարել։ 2022-ին վերադարձավ Արցախ, դրանից անմիջապես հետո ճանապարհը փակվեց, ու մնացինք շրջափակման մեջ։

armen vyacheslav

Ես իհարկե ուրախ էի, որ որդիս տուն էր եկել, միաժամանակ անհանգիստ էի, քանի որ իրավիճակը գնալով վատանում էր։ Ասում էի՝ «գուցե ռուս խաղաղապահների հետ դուրս գաս և կամ Կարմիր խաչով», ինքն էլ կատակով ասում էր՝ «մա՛մ, կարո՞ղ ա, ուրախ չես, որ մնում եմ»։ Ռուսաստանում էլ իրավիճակը լավ չի, դրա համար ասում էր՝ «հո չեմ գնա, Ուկրաինայում զոհվեմ, գոնե ստեղ մի բան լինի, կիմանանք՝ ինչի համար եմ կռվել, ես չեմ թողի, որ թուրքը գա, մեր գերեզմանները պղծի»»,- հիշում է մայրը։

Արմեն Առստամյանը, մնալով շրջափակված Արցախում, համալրում է աշխարազոր ուժերի շարքերը։ Մայրն ասում է՝ այնքան է նվիրվում ռազմական գործին, որ կարճ ժամանակում նրան է վերապահվում դիրքի ավագի պարտականությունը։ 

«Բլոկադայի ժամանակ իր անձնակազմի համար հայթայթում էր ամեն ինչ՝ ծխախոտից սկսած մինչև ուտելիք, որ տղերքը ոչ մի բանի պակաս չունենան։ Պատերազմի օրն անհանգիստ էր, գնաց մազերը կտրելու։ Ես խաշլամա էի պատրաստում, ասացի՝ «Արմե՛ն, ընկերներիդ կվերցնես, կգաս ճաշի»։  Եկավ, թե՝ «մա՛մ, համար 1 են տվել, տվել ես պիտի գնամ, դու ուշադիր կլինես, չվախենաս», ու գնաց»,- պատմում է Ալեսյա Առստամյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Կիսվել