Ցավալի դեպք Նոր Հաճնում․ շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղայի մարմին
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19։40-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի մոտ տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Տ․ Մուսոյանն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մարմինի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք, իսկ մարմնի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Ս․ Բաբախանյանի որոշմամբ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբն ու քրեագետը, քրեական ոստիկաններն ու ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝հայտնաբերել են նրան, ում սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով, կասկածյալը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 19-ամյա Գ․ Կարապետյանն է և հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալն ու հանցագործության գործիքը ոստիկանության Նաիրիի բաժնից ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին։