Ցանկանում ենք շրջել հայերի հետ թշնամանքի էջն ու խաղաղություն հաստատել. Ալիև
Ցանկանում ենք շրջել հայերի հետ թշնամանքի էջն ու խաղաղություն հաստատել. Ալիև
Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 12-ին տեղի ունեցած հանդիպումից հետո, ինչի ժամանակ կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացն ու շեշտել, թե փոխըմբռնման ու կայունության հասնելու համար պատրաստ են ներդնել բոլոր ջանքերն, այսօր արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ շեշտել է, թե Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ:
Արտգործնախարարների՝ Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումից հետո էլ, հիշեցնենք, Բաքվի ներկայացուցիչը՝ Ջեյհուն Բայրամովը, շեշտել էր, որ հանդիպումը «լավ հնարավորություն է` քննարկելու առաջընթացը, որին հնարավոր է հասնել»։
Նա միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։
Այսօր արդեն Ալիևն է ընդգծել, որ Լիտվիայի նախագահի հետ լայնորեն քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Մեր դիրքորոշումը շատ բաց է, մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը», – Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ու խաղաղության դարաշրջան բացելու մասին նաև Հայաստանում են խոսում, ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ խաղաղության երկխոսության շրջանակներում, հնարավոր է, Արցախի կարգավիճակի նշաձողի հարցը քննարկվի:
Սրան զուգահեռ էլ ըստ նախնական պայմանավորվածության ու ըստ փոփվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում: