Տոնական այս օրերին գրանցվել է 18 թունավորման դեպք
Տոնական այս օրերին գրանցվել է 18 թունավորման դեպք
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չնայած այն փաստին, որ ամանորյա տոներին ընդառաջ բազմաթիվ մասնագետներ բազմիցս հորդորում են, խորհուրդներ են տալիս, թե ինչպես տոնական օրերին խուսափել հնարավոր վնասվածքներից և զանազան թունավորումներից, այնուամենայնիվ, տոնական այս օրերին արդեն իսկ արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր:
Համալսարանական հիվանդանոցային համալիրներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ` տարաբնույթ գանգատներով:
Մասնավորապես` «Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմած պացիենտների վնասվածքների մեծ մասի համար հիմք են հանդիսացել պայթուցիկները, որից տուժել է թվով 5 քաղաքացի, նրանցից 2-ի մոտ եղել է ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, իսկ 2 պացիենտի մոտ արձանագրվել է պատռված վերք, 1-ի մոտ` մատի վնասվածք:
«Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին արդեն իսկ դիմել է մեկ քաղաքացի, ում մոտ հրավառության պատճառով վնասվածք է արձանագրվել: Տոնական այս օրերին գրանցվել է 18 թունավորման դեպք, որից 5-ը շմոլ գազից, 5-ը քիմիական թունավորում և ևս 8-ը ալկոհոլային թունավորմամբ են ընդունվել:
Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ` մեկ 10 տարեկան, երկու 16 տարեկան և երեք 15 տարեկան:
Սիրելի հայրենակիցներ մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել արտակարգ պատահարների թիվը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ ողբերգական հետևանքներից:
Հոգ տարեք Ձեր և ձեր հարազատների մասին»: