Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան
Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան: Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկել ամանորյա միջոցառումների համար կառավարության կողմից 271 մլն դրամ հատկացնելու նախագծին:
Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես երբեւէ դեմ չեմ եղել տոները նշելուն եւ կարծում եմ, որ ցանկացած տոն պետք է նշվի պատշաճ, բայց 750 հազար դոլար հատկացնել ամանորյա միջոցառումներին ես համարում եմ քաղաքապետարանի կողմից ցինիկ վերաբերմունք՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ խնդիրներ կան Երեւանում, որ հրատապ լուծում են պահանջում»,-ասաց նա:
Զոհրաբյանը հավելեց, որ եթե երեւանցիների բոլոր կենսական խնդիրները լուծված լինեին՝ աղբահանություն, քաղաքի լուսավորություն, դա այլ իրավիճակ կենթադրեր. «Հատկապես արվարձաններում կարծես ռմբակոծված Դրեզդենը լինի լուսավորության եւ ասֆալտապատման առումով:
Էլ չեմ խոսում վերելակների մասին, որոնց մոտ 10-15 տոկոսը մահվան վերելակներ են, որ շահագործել չի կարելի: Եվ այս պայմաններում 750 հազար դոլար հատկացնել Ամանորի միջոցառումներին, ես սա համարում եմ հերթական ցինիզմը:
Այդ պատճառով ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում