Մամուլ

Տոյոտա սերվիսը հավելյալ զեղչ է արել ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաների գնման համար

Տոյոտա սերվիսը հավելյալ զեղչ է արել ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաների գնման համար

Hraparak.am-ը գրում է․ Կառավարության այսօրվա նիստով հիմա էլ ֆինանսների նախարարությունը գումար կհատկացնի, որ ԱԺ նախագահի մեքենային ուղեկցող մեքենաները թարմացվեն և երկու նոր մեքենա ձեռք բերեն։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը։

Հարցի կարգավորման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն՝ մասնավորապես կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ, «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ (կից ներկայացվում են առաջարկներ), որի արդյունքում նպատակահարմար է գտել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 (երեք) ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։

alen simonyan bmw

Նշենք, որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն պատկանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ախոյան Ռոբերտ Քոչարյանի որդուն և ընկերոջը՝ Սամվել Մայրապետյանին, և հիմա նրանց պատկանող ավտոսրահը զեղչ է արել Ալեն Սիմոնյանի՝ ի պաշտոնե որպես ԱԺ նախագահի համար գնվող ավտոմեքենաների համար։ 

Ուստի, ԱԺ աշխատակազմի խնդրանքով կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի երեք հատ Toyota RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Գնումը կիրականացվի մեկ անձից գնման ընթացակարգով, քանի որ, ինչպես նշված է հիմնավորման մեջ, շուկայի ուսումնասիրությունը ցույց  է տվել, որ միայն Toyota RAV 4 մոդելի ամենագնացները կարող են ապահովել ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը։

Կիսվել