Տղամարդուն սխալմամբ զրկել են երեխա ունենալու հնարավորությունից
Տղամարդուն սխալմամբ զրկել են երեխա ունենալու հնարավորությունից
Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, դիմել էր բրիտանական Royal Liverpool հիվանդանոց, որտեղ նրան պետք է կատարեին ուրոլոգիական մի փոքրիկ վիրահատություն։ Դրա փոխարեն նրան կատարել են վազէկտոմիա՝ վիրահատություն, որի ժամանակ կապվում կամ հեռացվում են տղամարդու սերմնածորանները, եւ նա այլեւս չի կարող երեխաներ ունենալ։
Հիվանդանոցը տղամարդու տարիքը չի նշում՝ վկայակոչելով այս տեղեկատվության գաղտնիությունը, սակայն հայտնի է, որ այս մարդը երիտասարդ էր եւ հույս ուներ երեխաներ ունենալ։
Սխալ թույլ տված բժիշկները ներողություն են խնդրել տուժածից եւ եւս մեկ վիրահատություն են անցկացրել՝ հուսալով վերականգնել նրա պտղաբերությունը։ Բայց դեռ պարզ չէ՝ նրանց հաջողվել է, թե ոչ։
Իսկապես, միայն ներում հայցելով հիվանդանոցը դժվար թե ձերբազատվի այս խնդրից։ Իրավաբանները ասում են, որ տուժածը կարող է մի կլորիկ գումար փոխհատուցում պահանջել։ Իրավաբան Իան Կոհենը ասել է Daily Mail-ին, որ եթե այդպիսի սխալի հետեւանքով այս երիտասարդը անպտուղ մնա, հիվանդանոցի հիմնադրամը պետք է նրան 100000 ֆունտ եւ ավել փոխհատուցում տա։
Կլինիկայի գլխավոր բժիշկ դոկտոր Պիտեր Ուիլիամսը (Dr Peter Williams) հաստատել է, որ այդ սխալը իսկապես եղել է իրենց հիվանդանոցում։ «Մենք հիմա ուսումնասիրում ենք այս գործը՝ հասկանալու համար, թե ինչպես է այդպես պատահել եւ ինչպես կարելի է հետագայում այսպիսի դեպքերից խուսափել»,-ասել նա։
Մինչ ընթանում են ուսումնասիրությունները, վիրահատությունը կատարած բժշկի գործունեությունը կասեցվել է։