«Տղամարդկանց ռեպլիկները չեմ մեկնաբանում». Զոհրաբյանի պատասխանը ադրբեջանցի և թուրք պատգամավորներին
Նաիրա Զոհրաբյանի` Թուրքիայի հասցեին հնչեցրած քննադատությունը դուր չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի պատգամավորներին։
Հայաստանը կանի հնարավոր ամեն ինչ` թույլ չտալու համար, որ ԵԽԽՎ–ն վերածվի ղարաբաղյան հակամարտության քննարկման հարթակ, ինչին երկար ժամանակ ձգտում է Ադրբեջանը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով` Հայաստանի «թավշյա հեղափոխության» վերաբերյալ առաջնահերթությունները ԵԽԽՎ–ում չեն փոխվել։ ՀՀ–ի համար մարդու իրավունքն ու ազատությունը, խոսքի ազատությունը շարունակում են առանցքային արժեք լինել, այդ արժեքների ամրապնդումն ընկած է խորհրդարանական կառույցի շրջանակում փոխգործակցության հիմքում։ Միաժամանակ հայկական կողմը փորձում է խոչընդոտել ԵԽԽՎ–ում Բաքվի լոբբիստական ջանքերը` նպատակ ունենալով այստեղ տեղափոխել ղարաբաղյան խնդրի քննարկումը։
«Ղարաբաղյան խնդրի լուծումը չի մտնում Եվրոպայի խորհրդի մանդատի մեջ, և մենք թույլ չենք տա, որ այդ կառույցը դուրս գա իր առաքելության շրջանակից», – ավելացրեց Զոհրաբյանը։
Զուգահեռաբար այսօր հայկական պատվիրակության համար նոր ուղղություն է հայտնվել, որը կապված է Հայաստանում տնտեսական հեռանկարները գրագետ և նպատակաուղղված ներկայացնելու, հանրապետության տնտեսության մեջ եվրոպական նոր ներդրումներ ներգրավելու ձգտման հետ։ Նրա խոսքով` Հայաստանում խաղի կանոնները փոխվել են, այդ թվում` նաև բիզնեսի ոլորտում։ Այդ հանգամանքը պետք է օգտագործել` խրախուսելով եվրոպական գործընկերներին Հայաստանի հետ փոխգործակցության վերաբերյալ գործնական քայլեր անել։
«ԵՄ լոկոմոտիվ երկրները, իմ վստահ համոզմամբ, այս պահին դեռևս միայն քաջալերանքի խոսքերից այն կողմ շատ ավելի կոնկրետ առարկայական քայլերի չեն անցել։ Քաջալերանքի խոսքերից, որոնք կարծում եմ բավարար են, պետք է անցնենք կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանը», – նշեց պատգամավորը։
Զոհրաբյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ նստաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի պատգամավորների հետ ունեցած վեճին։ Պատգամավորը Ստրասբուրգում հայտարարել էր, որ Թուրքիայում «վհուկների որս» է սկսվել քաղաքական գործիչների և պատգամավորների նկատմամբ։ 8 պատգամավոր, այդ թվում թուրքահայ Կարո Փայլանը կարող են զրկվել անձեռնմխելիությունից չարաբաստիկ 301-րդ հոդվածի համաձայն` «թուրք ժողովրդին վիրավորելու» համար։ Զոհրաբյանը ԵԽԽՎ–ին խնդրեց, որ Թուրքիայից պահանջեն դադարեցնել քաղաքական գործիչների հետապնդումը և հրաժարվեն ամոթալի 301-րդ հոդվածից։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում;