Տղամարդիկ մայրության նպաստ են ստացել՝ մոտ 1.5 մլն դրամ, 6 անձ 103 թաղման նպաստ է ստացել՝ 20,5 մլն դրամ. «Ժողովուրդ»
Տղամարդիկ մայրության նպաստ են ստացել՝ մոտ 1.5 մլն դրամ, 6 անձ 103 թաղման նպաստ է ստացել՝ 20,5 մլն դրամ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է արել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ:
Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ՝ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում եւ ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ:
Բացահայտվել են նաեւ մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Օրինակ՝ թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ՝ 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ՝ 13.8 մլն դրամ, 1 անձը՝ 17 նպաստ՝ 3.4 մլն դրամ, 1 անձը՝ թվով 5 նպաստ՝ 1 մլն դրամ, 3 անձ՝ 4-ական նպաստներ՝ 800 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: