ՄամուլՏեսանյութ

Տիգրան Ղարիբյանը 3 ամսից պետք է զորացրվեր, շատ խելացի զինվոր էր

Iravaban.net-ը գրում է․ Գագարինում ծնված, մեծացած Տիգրան Ղարիբյանը երազում էր՝ Երևան գնալ, բարձրագույն կրթություն ստանալ ու ճարտարապետ դառնալ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը անկատար թողեց Տիգրանի երազանքը։

Ղարիբյանների առաջնեկը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 15-ին և անվանակոչվել է ի պատիվ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող հորեղբոր։

«Շատ լուսավոր, խելացի տղա էր, շատ էր սիրում նկարել։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջում, դիզայն բաժնում, ուզում էր Երևանում սովորե, դառնալ ճարտարապետ։ Սիրել է նաև տարբեր սպորտաձևեր, հատկապես՝ ֆուտբոլ»,-ասում է մայրը՝ Նարինե Նաջարյանը։

2019 թվականի 11-ին Տիգրանին ընտանիքի անդամները ճանապարհել են բանակ, շատ բարձր տրամադրությամբ։ Տիգրանը պատրաստ է եղել ծառայության և ասել է՝ տղա է, պետք է ծառայի։ 6 ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, ապա տեղափոխվել է Խնձորեսկ։

«Շատ գոհ էր ծառայությունից, ոչ մի անգամ չի նեղվել, չի տրտնջացել, շատ ուրախ ծառայում էր, խելացի զինվոր էր։ Սեպտեմբերի 15-ին զորամասում, ծառայակիցների հետ ծնունդը նշել է, սեպտեմբերի 27-ին էլ տարել են Ջրական, միայն հորն էր ասել։

Ինձ հետ խոսեց, ինքն ինձ խաբեց, ես՝ իրեն, որ տեղյակ չեմ, թե որտեղ է նա։ Ամուսինս էլ կամավորագրվեց, գնաց պատերազմ, բայց Տիգրանիս մոտ չտարան։ Երբ Տիգրանը զոհվեց, իրեն հետ ուղարկեցին»,-ասաց մայրը։

Տիգրանը յոթ ամսական եղբայր ունի՝ Շանթը, ով լույս ու ապրելու իմաստ է բերել ծնողներին։ Մայրն ասում է, որ նմանեցնում է Տիգրանին, բայց չի ուզում, որ շատ նման լինի․ «Թող ինքն իրեն նման լինի»։

Կիսվել