Տիգրան Ավինյանը բիզնես կլասով ԱՄՆ է մեկնել, որն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ
Irakanum.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գերթանկարժեք հաճույքների կողմնակից է։ Մեծ պատվիրակությունում ԱՄՆ մեկնած քաղաքագլուխը պարզվում է վաղուց այլևս իրեն վեր է դասում ՀՀ հպարտ քաղաքացիներից ու օվկիանոսը կտրել է բիզնես դասով։
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ութ հոգանոց պատվիրակությունը Միացյան նահագներ էր գնացել նոյեմբերի 23-ից 30: Հերթական անգամ այնքան էին «շտապել» այցվով, որ առանց մրցույթի են կազմակերպել այցը։
Մասնավորապես քաղաքապետարանը թռիչքից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ–ի հետ կնքել է ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։ Պայմանագրի արժեքը կազմել է 12 միլիոն 465 հազար դրամ, և այն ձեռք է բերվել մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։
Տեխնիկական բնութագրում որպես գնման առարկայի անվանում նշված է «Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան էկոնոմ դասի 8 ավիատոմս»։ Մեկ ավիատոմս էլ բիզնես դասի է։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 9 ավիատոմս։ Բիզնես դասի մեկ ավիատոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ, իսկ էկոնոմ դասի 8 ավիատոմսերը՝ 4 միլիոն 815 հազար դրամ։
Նշենք, որ պատվիրակության կազմում եղել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Լուսինե Դայանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Անդրանիկ Թևոսյանը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Սիմոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի ժ/պ Լուսինե Ղարիբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող Մալվինա Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր Արամ Դևրիկյանը։
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Տիգրան Ավինյանն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։ Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։