Տիգրանի չորս քույր-եղբայրներն այս պահին սթրեսային վիճակում են
Նախնական տվյալներով, հոր կողմից խեղդամահ արված 3-ամյա Տիգրանի չորս քույր ու եղբայրները տեղափոխվել են «Հայ օգնության ֆոնդ» հիմնադրամի շուրջօրյա խնամքի կենտրոն։ Երեխաներից մեծը 12 տարեկան է, փոքրը՝ 5։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանը հայտնեց, երեխաներն այս պահին սթրեսային վիճակում են։
«Անկախ ամեն ինչից՝ նրանք միջավայր են փոխել։ Դադարի փուլ է։ Նրանք հարմարվելու փուլում են։ Առայժմ հանգիստ ենք թողնում, ոչ մի հարց, ոչ մի քննախույզ աշխատանք չի իրականացվում։ Երեխաները պետք է մի քիչ հանդարտվեն, հարմարվեն, հանգստանան, հետո նոր կսկսենք բուն մասնագիտական աշխատանքները»,-ասաց Մ. Անտոնյանը։
Նրա խոսքով, երեխաների վրա բռնության հետքեր չկան։
«Ավելի շուտ անխնամության հետքեր են։ Աղքատ ընտանիքից են երեխաները, երևում է, որ այդքան էլ որակյալ չի եղել ոչ սնունդը, ոչ խնամքը։ Դա զգացվում է երեխաների տեսքից, վիճակից, բայց չեմ շտապի ինչ-որ եզրակացություններ անել, դեռ լրիվ պատկերը չունենք»,-ասաց ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավարը։
Երեխաների հետ իրենց մայրիկի տեսակցության արգելք այս պահին չկա։
«Եթե մաման հանկարծ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չկարողացավ գալ ու տեսակցել երեխաներին, մենք ինքներս կտանենք երեխաներին, մինչև չլինի որևէ հակացուցում։ Արգելքի վերաբերյալ մեզ որևէ բան չեն ասել»,-ասաց նա։
Թե որքան կմնան կենտրոնում երեխաները, այս պահին հստակ չէ։
«Առայժմ պետք է երեխաների հետ աշխատել, մինչև այդ տագնապայնությունը, տրավմայի անմիջական ազդեցությունը մի փոքր մեղմվեն, տեղափոխումն ինքնին սթրես է, բացի այդ վերջին շրջանում իրենց տուն հազարավոր մարդիկ են գնացել։ Իրենք շոկի մեջ են այս ամբողջ իրադարձություններից։ Մի ընտանիք, որ անգամ հյուր չի ունեցել, միանգամից այդքան մարդ է գնացել-եկել, պարզ է՝ անսովոր վիճակ է իրենց համար»,-ասաց ծրագրի ղեկավարը։
Հասկացե՞լ են երեխաները, թե ինչ է կատարվել իրենց ընտանիքում։
«Մենք այդ հարցերը հիմա նրանց չենք տալիս, կդժվարանամ այդ մասին որևէ բան ասել։ Հիմա դադարի փուլ է, պետք է հանգիստ տալ երեխաներին, հետո աշխատել։ Այդ ամբողջ աշխատանքը կառուցված է լինելու իրենց կարիքների հիման վրա, երեխաները կամաց-կամաց խնդիրները ցույց կտան, դրանից կախված աշխատանքը կկազմակերպվի դրանց մեղմման ուղղությամբ։ Այս պահին ոչինչ կոնկրետ ասել չեմ կարող»,-ասաց նա։



