Տիգրանակերտն անցել է Ադրբեջանին, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութն ապահով տեղում է
Տիգրանակերտն անցել է Ադրբեջանին, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութն ապահով տեղում է
Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանին անցած Տիգրանակետի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ողջ նյութն ապահով տեղում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
«Ես կարծում եմ՝ պեղումներն իրենք շարունակելու են, միգուցե ավելի մեծ ծավալով, եւ ներկայացնելու են որպես աղվանական ինչ որ քաղաք, ինչպես իրենք անհասկանալիորեն պնդում են։ Հատկապես Տիգրանակերտի Վանքասարի եկեղեցին էլ ադրբեջանցիները վերականգնել են, դա համարել են իրենցը, կարծում եմ՝ այդ մոտեցումը շարունակվելու է»,- նշեց Համլետ Պետրոսյանը։
Պատերազմի ժամանակ հրետակոծվել էր հնագիտական հանգրվանը, բայց հուշարձանի այլ հատվածներ, Համլետ Պետրոսյանի խոսքով, մնացել էին նույն վիճակում։
Տիգրանակերտ բերդ-ամրոցը գտնվում է Աղդամ քաղաքից 8կմ հյուսիս-արեւմուտք՝ պատմական Արցախ եւ Ուտիք նահանգների սահմանագլխին։ Այն կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։
Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։
Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։ 2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի ավարտին ընդունված հայտարարության համաձայն Աղդամի շրջանը՝ ներառյալ Տիգրանակերտը, անցել են Ադրբեջանին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում