Մամուլ

«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային պատմություն

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահ համակարգում դեռևս կան բազում խնդիրներ: «Մեր իրականության մեջ այսօր հայտնի ասույթներից մեկն է գործում՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:

Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ մեր իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Սա վերջին տասնամյակների խնդիր չէ, այս խնդիրը շատ երկար ժամանակ, երբեմն՝ հատվածաբար, ուղեկցել է մեզ, և հիմա հենց այս խնդրի լուծումն է մեր ամենակարևոր առաքելությունը և առաջին հերթին՝ դատախազության ամենակարևոր առաքելությունը:

Հենց դատախազության և իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ այդ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային, բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր իրականության հետ»,- հայտարարեց վարչապետը:

Նա նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ ինքն իր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում և հակառակը:

«Իրավունքը ՀՀ-ում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի. յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս համազգեստը և այս ուսադիրները կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունիքից»,- ընդգծեց Փաշինյանը:

Կիսվել