Մամուլ

Տափերականում մեքենան հայտնվել է ջրատարում․ 4 վիրավորից 3-ին, որոնցից 2-ը անչափահասներ են, ջրից դուրս են բերել պարեկները

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագարոծելով հատուկ տեխնիկա՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետ տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու նրա անչափահաս երեխաներն են, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել վարորդի մայրիկին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում