Մամուլ

Տասը տարի անց եկան իշխանության՝ արդարացնելու այն հանցագործությունները, որոնք արվել են իրենց կողմից. Քոչարյանը՝ Մարտի 1-ի մասին

«Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Մենք բազմիցս դիմել ենք, նաև՝ հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, որպեսզի թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկա հիմնավորում , այսպես ասենք՝ իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ»,– ասաց Քոչարյանը։

Ըստ երկրորդ նախագահի՝ այդ քայլը բավական  լուրջ մտահոգություն է առաջացրել ՀԱՊԿ-ում, և հնարավոր է նաև, որ այդ քրեական գործի պատճառով ՀՀ-ը կորցնի իր տեղը ՀԱՊԿ-ում.

«Չեմ կարծում, որ այս քրեական գործի առումով որևէ հեռանկար կա, բայց վնասն արդեն իսկ հասցված է: ՀԱՊԿ-ը մի կառույց է, որը չափազանց կարևոր է ՀՀ-ի համար:

Հարցին, թե ինչպես է հնարավոր դա վերականգնել, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին իշխանությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ:

«10 տարի առաջ մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, որոնք այն ժամանակ իրենց լոզունգներով և քայլերով, ըստ էության, փորձում էին տապալել սահմանադրական կարգը, այսօր փորձում եմ վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։ Սա է գործի ամբողջ էությունը, և այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջև։

Պետք է  հրաժարվել այդ մոտեցումից, դա է ընդամենը պետք՝ փորձել ման գալ մարդկանց, ովքեր կրակել են մարդկանց վրա, գտնել նաև մարդկանց, ովքեր սպանել են երկու ոստիկանի, և միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել գործի բացահայտման մասին , տվյալ  դեպքում սա քաղաքական ենթատեքստ ունի, և սա ես որակում եմ քաղաքական վենդետա: Տասը տարի անց եկան իշխանության՝ արդարացնելու համար այն հանցագործությունները, որոնք արվել են իրենց կողմից, մաքրել այն դատավճիռները, որոնք կայացվել են իրենց նկատմամբ և որոնք օրինական ուժ ունեն մինչ այսօր»,- ասաց Քոչարյանը:

Կիսվել