Տապալվել է 600 մլն դրամով Անկախության օրը նշելու գնման գործընթացը
Տապալվել է 600 մլն դրամով Անկախության օրը նշելու գնման գործընթացը
Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված տոնակատարության գնման գործընթացը տապալվել է։ Այս մասին Factor.am-ը տեղեկացել է խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից։
Ավելի վաղը Factor.am-ը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը Անկախության օրվա միջոցառումների համար 600 մլն դրամի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման մրցույթ է հայտարարել։
Մրցույթին մասնակցել եւ 2-րդ փուլ էր անցել հինգ ընկերություն։ Այժմ տեղեկանում ենք, որ 2-րդ փուլ անցած ընկերություններից միայն «Ֆակտորի փրադաքշն ՍՊԸ»-ն է ծառայությունների մատուցման ծրագիր ներկայացրել։
Առաջարկը գործընթացն իրականացնող հանձնաժողովի կողմից գնահատվել է 0 միավոր, եւ որոշվել է ընկերության հայտը մերժել ու գնման գործընթացը համարել չկայացած։
Կառավարական հանձնաժողովում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Factor.am-ին տեղեկացրել է, որ առաջիկայում նոր մրցույթ է հայտարարվելու։
Նախորդ հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ կառավարությունը ցանկանում է 600 մլն դրամով Անկախության 31 ամյակը նշել, ընդ որում՝ գումարի մեջ ներառված չեն երգիչների հոնորարները։
Հիշեցնենք, որ ծառայության ձեռք բերման հայտնում նշված էր, որ միջոցառմանը ելույթ են ունենալու Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն եւ դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Նրանք եւս այս տեղեկությունը հաստատել էին։