«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Սամվել Կարապետյանի պաստառների համար
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ և գործարարի նկարով պաստառներն ապամոնտաժելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Մասնավորապես, հայցը վերաբերում է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վրայից պաստառների ապամոնտաժմանը։
Ըստ «Դատալեքսում» հրապարակված տեղեկատվության՝ հիմնադրամը պահանջում է «Դալմա Գարդեն Մոլ» զվարճա-առևտրային համալիրի արտաքին պատին տեղադրված թվով 6 պաստառների ապամոնտաժման, մասնավորապես` պաստառները տեղադրման վայրից հանելու, պատասխանողի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցում տեղադրելու և հեռացնելու գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ և վերացնել հետևանքները։
«Հաշվի առնելով, որ հետագայում նախատեսում ենք վնասի փոխհատուցում պահանջել՝ Վարչական դատարանին խնդրում ենք Երևանի քաղաքապետարանի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը։
Նշենք, որ հայցը ստացվել է հուլիսի 17-ին և մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։