Վրաստանի կառավարությունը վեց ամիս շարունակ դրամական օգնություն կտրամադրի բնակչությանը
Վրաստանի կառավարությունը վեց ամիս շարունակ դրամական օգնություն կտրամադրի բնակչությանը
Քաղաքացիները, ովքեր կորցրել են աշխատանքը և հարկադիր պարապուրդի են մատնվել, կստանան 200 լարիի (63 դոլար) չափով օգնություն՝ ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ուրբաթ օրը Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել հակաճգնաժամային ծրագրին, որը կօգնի մարդկանց և բիզնեսին հաղթահարելու կորոնավիրուսի համավարակի հետևանքները:
Ըստ Գախարիայի՝ խոսքը պաշտոնապես աշխատող 350 հազար քաղաքացիների մասին է, ովքեր վեց ամսվա ընթացքում կկարողանան ամսական ստանալ 200 լարի նպաստ: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 460 միլիոն լարի (մոտավորապես 145 միլիոն դոլար):
Ինչ վերաբերում է ինքնազբաղվածներին, ապա սոցիալական գործակալները կզբաղվեն նրանց հայտնաբերմամբ, և միայն դրանից հետո նրանք կստանան միանվագ օգնություն 300 լարիի չափով (94 դոլար): Դրա համար բյուջեից հատկացվել է 75 միլիոն (23,6 միլիոն դոլար):
«Պետության համար դժվար է նրանց հաշվելը, քանի որ նրանք հաշվառումների բազայում չկան: Պետությունը իր վրա է վերցնում պատասխանատվությունը, որ այդպիսի մարդկանց օգնություն կտրամադրվի 300 լարի գումարի չափով այն բանից հետո, երբ նրանք հայտնաբերվեն սոցիալական գործակալների կողմից», – ասել է Գախարիան: