Վրաստանի ԱՆ-ը տարածել է տեսանյութ, որտեղ Սաակաշվիլին սնունդ է ընդունում
Վրաստանի ԱՆ-ը տարածել է տեսանյութ, որտեղ Սաակաշվիլին սնունդ է ընդունում
Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը շաբաթ տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սնունդ ընդունում: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ի պաշտոնական էջում։
«Ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից՝ մենք հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի սննդի ընդունման տեսանյութը։ Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունում է սնունդ և բնական հյութեր օրվա տարբեր ժամերին», – ասված է տեսանյութին կից գրառմամբ։
Կադրերում երևում է, որ Սաակաշվիլին գտնվում է բանտի բուժկետում՝ բժիշկների շրջապատում։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ուրբաթ Վրացական Rustavi 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաակաշվիլին շիլա է ուտում և խմում բնական հյութեր, թեև հացադուլ է հայտարարել:
Հոկտեմբերի 1-ին Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում, որտեղ նա վերադարձել էր մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից առաջ։ Նախկին նախագահը գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում։ Նա հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն համարում է քաղբանտարկյալ։
Նախկին նախագահը Վրաստանից հեռացել է 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ չորս քրեական գործ են հարուցել, որոնցից երկուսով քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել են համապատասխանաբար երեք և վեց տարվա ազատազրկման:
Այս տարվա հոկտեմբերի 20-ին Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Վերջին շրջանում քաղաքական գործիչը բնակվում էր Ուկրաինայում և ունի այդ երկրի քաղաքացիություն։
Տեսանյութը ստորև