Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
Արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել է, որ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար: Այս մասին Կարապետյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում»:
Կարապետյանը հայտնել է նաև, որ որոշել է կասեցնել կուսակցական գործունեությունը պետական ծառայության ընթացքում, քանի որ այդ ծառայությունը «ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ»:
«Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»: