Կրակոցներ Երևանում՝ վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է:
Պարզվել է, որ Գուրգեն Ե.-ն հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկուճ:
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի քրեագետը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործություն կատարողին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է: