Շոու-բիզնես

«Վիրահատությունն անխուսափելի է». Զառա Արամյանը՝ առողջության և էկրաններից հեռանալու մասին

«Վիրահատությունն անխուսափելի է»։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի և դերասանուհի Զառա Արամյանը մի քանի օր գտնվում էր Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում:

Բժշկական կենտրոնից՝ հայտնել էին, որ Զառայի մոտ ախտորոշվել է անկայուն ստենոկարդիա, ինֆարկտ չէր զարգացել։ Դերասանուհու վիճակը գնահատվում էր բավարար։ Օրեր շարունակ հազարավոր երկրպագուներ անհանգստանում էին սիրելի դերասանուհու առողջության համար։ Բարեբախտաբար, Զառայի ինքնազգացողությունն այժմ արդեն լավ է։

ShowBiz-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց, որ ստիպված պետք է դիմի խիստ անհրաժեշտ վիրահատության, որից երկար ժամանակ վախենում ու խուսափում էր։

«Շատ գրվեց դրա մասին, չափից ավելի։ Բայց էլ ավելի կարևոր թեմաներ կային, ինձնից շատ ավելի կարևոր․․․Մի կողմից ես շատ ամաչեցի, որովհետև հանրությունը 2-3 օր միայն այդ մասին էր խոսում, բայց եթե անկեղծ լինեմ, դա ինձ ուժ տվեց, ապրեցրեց, թևեր տվեց։

Բացի թանկ, հարազատ ու մտերիմ մարդանցից, բոլորովին անծանոթ մարդիկ գրում ու զանգահարում էին։ Մեր հեռախոսը մի վայրկյան չէր լռում, մարդիկ աղոթում էին ինձ համար, բարի խոսքեր էին ասում, քաջալերում էին։

Այդ ջերմ խոսքերն ու մաղթանքները շատ օգնեցին մեղմացնել երկար տարիներ հիվանդ սրտիս մի քանի օրվա ընդվզումը։ Լավ եմ, այդ սուր վիճակից դուրս եկա և հիմա մտածում եմ՝ երբ եմ գնալու այդ խիստ անհրաժեշտ դարձած՝սրտի վիրահատությանը, որը ես անդադար ձգձում էի»,- պատմում է Զառա Արամյանը:

Երկար ժամանակ է, ինչ սիրելի դերասանուհուն երկրպագուները հազվադեպ են տեսնում նոր նախագծերում, սակայն հեռուստաէկրաններից հեռանալու պատճառը ոչ թե առողջական վիճակն է, այլ իր ողջ ժամանակը ամուսնուն ու երեխաներին նվիրվելու դերասանուհու ցանկությունը։

«Առաջարկները շատ-շատ են, հատկապես ֆիլմերից։ Գրեթե բոլորը առաջարկում են նույն դերը, որը ես կերտել եմ «Մեր բակը» նախագծում, բայց մոռանում են, որ ես արդեն 50 տարեկան եմ ու չեմ կարող անընդհատ նույն դերը խաղալ։ Շատ ժամանակ առանց սցենարը կարդալու հրաժարվում եմ առաջարկներից՝ հասկանալով, որ ինձնից այդ աշխատանքը շատ ժամանակ կխլի․ հիմա ես ավեի շատ պետք է լինեմ երեխաներիս կողքին, որովհետև նրանց դեռահասության տարիքն, և ես պետք է կարողանամ նրանց հետ ընկերանալ, դառնալ լավագույն ընկերը:

Ամբողջ օրս հագեցած է հենց նրանց խնդիրներով, որովհետև նրանց կայանալու շրջանն է ու կարևոր է, որ ես իրենց կողքին լինեմ։ Իսկ ինձ համար առաջնահերթ ընտանիքն է, իսկ հետո նոր աշխատանքը»,- անկեղծանում է դերասանուհին:

Դերասանուհու երեխաները բացել են իրենց կյանքում նոր էջ՝ արդեն ավագ դպրոցում են սովորում: Որդին՝ Գուրգենը, միշտ երազել է դատավոր դառալ։ Դերասանուհու պնդմամբ՝ տղան ունի բոլոր արժանիքները իր երազանքն իրականացնելու համար։ Իսկ գեղեցկուհի Էլենը որոշել է գնալ մայրիկի ճանապարհով:

Զառան շատ ուրախ է, որ դուստրը որոշել է գտնել իրեն արվեստի բնագավառում, որպես 30 տարվա փորձ ունեցող դերասանուհի և հաղորդավարուհի՝ նա պնդում է, որ նոր սերունդն ավելի ազատ ու անկախ է, և նրանց ուժն ու վստահությունը դերասանուհուն, պարզապես, հիացնում է։

«3 տարեկանից խաղացել եմ բեմում, բայց երբ չունենալով դերասանի կրթություն՝ սկսեցի լուրջ քայլեր անել, ինձնից տարիքով մեծ պրոֆեսիոնալները ոչ միայն չէին օգնում, այլ ընդունում էին որպես իրենց մրցակից։ Հիմա երբ ես եմ այդ պրոֆեսիոնալների տարիքում և դիրքում, ցանկանում եմ թև տալ ու դուխ տալ երիտասարդներին, որովհետև լավն են, մեզնից հաստատ լավն են, ավելի լավ են խաղում, նոր արյուն ունեն՝ ձերբազատված են բոլոր բարդույթներից»։

Կիսվել