«Վիվա-ՄՏՍ»-ը վաճառվում է
«Վիվա-ՄՏՍ»-ը վաճառվում է
Civilnet.am-ը գրում է․ Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ գործընթացները վերջնականացման փուլում են։ Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։
Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել է իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվեց հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։
Հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի դիմումին հանձնաժողովն ընթացք է տվել, ու այժմ քննարկումների փուլն է.
«Գործարքը դեռ տեղի չի ունեցել, համաձայնեցման փուլն է, ու դա առևտրային գաղտնիք է ընկերության համար»,- ասաց նա։ Ըստ ընթացակարգի՝ ՀԾԿՀ-ն դիրքորոշումներ է հայցել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից։
Հունանյանը նաև չհայտնեց՝ ընկերությունը, որը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը, Հայաստանում է գրանցված թե ոչ։