Մամուլ

Վիճաբանություն և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ. ոստիկանությունը որոնում է թանակարժեք ավտոմեքենաների տերերին

Վիճաբանություն և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ. ոստիկանությունը որոնում է թանակարժեք ավտոմեքենաների տերերին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 18-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:30-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կողքի թափանցող կտրած ծակած վերք» և «պարանոցի առաջնային հատվածի կտրած ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արման Պապյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Մ.-ն է ու մինչ ոստիկանները հիվանդաոցում էին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած, արնահոսող վերք» ախտորոշմամաբ մի քաղաքացի:

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնում է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը գտնվում  է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիիկանները օպերատիվ տվյաներով պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Կ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ այսօր ժամը 12:50-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կենտրոն տեղափոխված Արսեն Մ.-ն, Երևանի բնակիչ 32-ամյա Տիգրան Կ.-ն և ևս մեկ հոգի՝ ում ինքնությունը պարզվում է, Արսեն Մ.-ի կողմից օգտագործվող ավտոմեքենայով  գնացել են Բաղրամյան 40 հասցեում գտնվող Հայաստանի Ամերիկյան համալսարանի մոտ, որտեղ Mercedes GLS և Toyota Corolla  մակնիշի ավտոմեքենաներով նշված վայր են եկել Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Գ.-ն, «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Կ.-ն և ինքնությունները դեռևս չպարզված 2 այլ անձինք: 

Արդեն համալսարանի բակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ պահվող սուր կտրող, ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Կարեն Կ.-ին, իսկ կռվի մասնակիցներից Ռուբեն Գ.-ն իր մոտ պահվող սուր կտրող, ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Արսեն Մ.-ին, ապա դեպքի վայրից բոլորը դիմել են փախուստի:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն  ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ – հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարակները հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել