Մամուլ

Վիճաբանություն՝ Երևանում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հ․-ն հոկտեմբերի 30-ին Լեռ Կամսար փողոցում «Յանդեքս» տաքսիով երթևեկելու ժամանակ ճանապարհը չզիջելու հետևանքով տաքսու վարորդի և «Porsche» մակնիշի ավտոմեքենայի վարորդի միջև տեղի է ունեցել վիճաբանություն։

Ըստ օպերատիվ տեղեկության՝ ավտոմեքենաները կանգնելուց հետո «Porsche»-ի ուղևորներից մեկը սպառնացել է Նարեկ Հ․-ին, որ գլուխը ջարդելու է և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա և նրա ընտանիքի անդամների հասցեին, իսկ արդեն դեկտեմբերի 11-ին Նարեկ Հ․-ն Լեոնիդ Ազգալդյան փողոցում հանդիպել է նույն անձին նույն ավտոմեքենայով և փորձել վերը նշված միջադեպի վերաբերյալ պարզաբանում կատարել, սակայն վերջինս կրկին հայհոյել է նրան, փորձել հարվածել և կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Ղ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Porsche»-ի վարորդ Կարեն Ղ․-ն «Ձիլլի Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։