Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ եղբայրներից մեկը տեղում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նոր Ուղի գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով կա մահացած քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սերոբ Ս․-ն է։
Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում Նոր Ուղի գյուղի Թումանյան 18 հասցեում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Գալուստ Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սերոբ Ս․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև դանակով հարվածել է Սերոբ Ս․-ի եղբոր՝ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սոս Ս․-ի ձախ ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 02։35-ի սահմաններում Գալուստ Գ․-ն ոստիկանների ու պարեկների կողմից հայտնաբերվել է ու երբ նրան փորձել են վնասազերծել, նա տարօրինակ շարժումներ է ցուցաբերել ու ոստիկանության անչափահասների գործով բաժանմունքի տեսուչ Արման Գասպարյանը նկատել է, որ նա ձեռքի միջից փորձում է հանել դանակը ու իր գործընկերների հետ, վտանգելով իրենց կյանքը, դանակը խլում են, ապա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արարատի բաժին։
Հայտնաբերված դանակի վրա առկա է արնանման հետքեր և ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը հանցագործության գործիք հանդիսացող դանակն է, որը Գալուստ Գ․-ի հետ միասին ոստիկանները ներկայացրել են Վեդիի քննչական բաժին։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ կասկածյալը ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։