Վիճաբանություն՝ 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում հոսպիտալացվել է
Այսօր՝ հունիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դարպաս գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին գյուղ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին և հայտնում են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա․-ն է, ում մարմնի վրա առկա է եղել հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով 19 տարեկան է։