Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հարթաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Mitsubishi Fuso» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանն ու ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանը:
Վթարի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Գորիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։