Մամուլ

Վթարի է ենթարկվել ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ ավտոբուսում եղել են պարի մրցույթից Մարտունի վերադարձող 20-ից ավելի երեխա

Վթարի է ենթարկվել ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ ավտոբուսում եղել են պարի մրցույթից Մարտունի վերադարձող 20-ից ավելի երեխա

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած VAZ 2115 և 40-ամյա Արման Շահինյանի վարած «ՊԱԶ 32053» մակնիշի ավտոմեքենաները։

paz avtobus avtovtar

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ․ Գրիգորյանը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու օգնել ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ ավտոմեքենաները տեղափոխել, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

samara

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։ Վթարի հետևանքով ՊԱԶ-ի վարորդ Ա․ Շահինյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։

Իսկ ժամը 03։00-ին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Մայրուհի Լևոնյանը և 32 ամյա Էմմա Մարտոյանը, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարից։

paz avtobus mej

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈՒԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղևորներ, այդ թվում երեխաներ, ովքեր պարի միջոցառումից վերադառնում էին Մարտունի։

Կիսվել