Վթարի է ենթարկվել հաղորդավար Դավիթ Սարգսյանը
Վթարի է ենթարկվել հաղորդավար Դավիթ Սարգսյանը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի «մարդաբոյ» փոսերի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Սարգսյանն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բենիամին գյուղի վարչական տարածքում, ընկել է առկա փոսերի մեջ, ինչի հետևանքով անվադողերից մեկը պայթել է և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են իրականացնում նույն դասակի պարեկներ Դավիթ Եսոյանն ու Սամվել Սարգսյանը:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Շիրակի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Դ. Սարգսյանը ճանաչված հաղորդավար է:
Նրա հետ ավտոմեքենայում է եղել նաև «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Երվանդ Հակոբյանը, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր՝ հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի կամ հայտնվեր ձորում, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը, եթե ժամանակին կատարեր գոնե փոսալցման աշխատանքներ, ապա թե՛ այս վթարը, թե՛ սրանից առաջ մյուս վթարները տեղի չէին ունենա:
Այդ մասին ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին վթարի հարևանությամբ ապրող քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել: