Վթարի է ենթարկվել Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսը. վերջինը կողաշրջվելով հայտնվել է դաշտում
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Արտաշես Սարիբեկյանը իր վարած Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ալլա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուստամ Մացակյանն ու Կարեն Համբարյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



