«Վեցիս էլ տարան նույն սենյակ. կարծում էին, որ եթե եկել ենք Չինաստանից, ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում». քաղաքացի
«Վեցիս էլ տարան նույն սենյակ. կարծում էին, որ եթե եկել ենք Չինաստանից, ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում». քաղաքացի
Գայանե Ապրունցը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մի քանի օր առաջ է վերադարձել Չինաստանի Տիանժին քաղաքից:
«Չնայած Զվարթնոցում մեզ հորդորեցին հանգիստ գնալ տուն և զուտ երկու շաբաթ զգույշ լինել այլ անձանց հետ շփումներից, մեկ օր անց որոշեցինք անցնել բուժզննում:
Ամբողջ օրն անցկացրեցինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Առավոտյան մեզ հեռախոսով ասացին, որ հիվանդանոցը դեռ չունի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերից, իսկ հիվանդանոցում պարզվեց, որ թեստերը նրանց համար են, ովքեր ունեն մի քանի նախանշաններ միասին և ծանր վիճակում են:
Այսինքն մայրս, ով երեկ ջերմում էր, այսօր՝ հազում, պետք է սպասի, որ մի քանի նախանշաններ միասին ունենա, վիճակը վատթարանա: Ես կարծում եմ՝ թեստերը թանգարանային նմուշ չեն և գերնպատակ պետք է լինի ախտորոշել վիրուսը հնարավորինս արագ»,- մտահագություն է հայտնում Չինաստանից վերադարձած քաղաքացին՝ նշելով, որ թեև հիվանդանոցի բժիշկները բարեհամբույր էին, բայց չգիտեին ինչպես համակարգել և անցկացնել բուժզննումը:
«Այնտեղ հավաքվել էինք 6 հոգով, մեկը ջերմում էր:
Բժիշկները կարծում էին, որ եթե մենք եկել ենք Չինաստանից, ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում, և 6-իս էլ տարան նույն սենյակ:
Մոտ երկու ժամ սպասելուց հետո միասին անցանք ռենտգեն հետազոտություն, վերցրեցին անալիզներ:
Խնդիրն այն է, որ եթե մեզանից որևէ մեկը լինի վարակակիր, ապա մյուս 5-ը ևս ռիսկային գոտում են: Ոչ մի պատասխան չստացանք, հաջորդ առավոտյան պետք է հանձնենք արյան անալիզ:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում վիրուսակիրներ չկան, որովհետև չեն ստուգվում:
Ռենտգենը և արյան անալիզը չեն կարող ախտորոշել կորոնավիրուսը»,- գրել է Գայանե Ապրունցը:
Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից, արձագանքելով օգտատիրոջ գրառմանը, պարզաբանել են, որ նյութում նշված բոլոր անձինք դիմելու պահին չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ, մասնավորապես ջերմություն՝ հազի կամ այլ ախտանշանի հետ համատեղ։ Բոլոր անձանց տրամադրվել են դիմակներ, ինչն ուղիղ ցուցված է վարակի առկայության դեպքում դրա փոխանցման կանխարգելմանը։
Ի պատասխան՝ Գայանեն պնդում է, որ մի աղջիկ ուներ և՛ հազ, և՛ ջերմություն, որը մնաց հիվանդանոցում:
«Խնդիրն այն է, որ մենք եկել ենք Չինաստանի տարբեր քաղաքներից և մեկ ընտանիքից չենք, անծանոթ ենք, պետք չի բոլորին մեկ սենյակում հավաքել»,- նկատում է օգտատերը: