Վերջին պահին կողմերից մեկը հրաժարվել է կատարել նախապես իր տված խոստումը
Վերջին պահին կողմերից մեկը հրաժարվել է կատարել նախապես իր տված խոստումը
Վահե Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գերիների հարցն այժմ մեր ժողովրդի համար ամենազգայուն թեմաներից մեկն է, եթե ոչ ամենազգայունը, ուստի, ցավով եմ արձանագրում, բայց այդ հարցը քաղաքական ուժերի և նրանց պատկանող ԶԼՄ-ների ձեռքում դարձել է շահարկման և քաղաքական միավորներ հավաքելու թեմա:
Հայտարարվել էր, որ Հայաստան պետք է վերադառնա գերիների հերթական խումբը, սակայն ինքնաթիռը Երևան ժամանեց դատարկ:
Տվյալ իրավիճակում էմոցիոնալ, վիրավորական գրառումները ոչ միայն չեն նպաստի գերիների վերադարձին, այլ ընդհակառակը՝ կխանգարեն դրան: Ակնհայտ է, որ գերիները պետք է Հայաստան վերադառնային ինչ-որ բանի դիմաց, ուստի տրամաբանական է կարծել, որ այդ հարցի շուրջ քննարկում տեղի է ունեցել ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում:
Հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին, ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, ըստ ամենայնի, նրան առաջարկել է Հայաստան վերադարձնել գերիների մի խումբ՝ դրա դիմաց ստանալով ինչ-որ բան, իսկ թե կոնկրետ ինչ, այս պահին շատ դժվար է պատասխանել այդ հարցին:
Հաշվի առնելով այն, որ գերիների՝ Հայաստան վերադառնալու մասին տեղեկությունը հաստատվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից, կարելի է ենթադրել, որ Ալիևն ընդունել էր Պուտինի առաջարկը, և նրանց հեռախոսազրույցից հետո սկսվել էր գերիների վերադարձման գործընթացը, սակայն, հաշվի առնելով, որ ինքնաթիռը Երևան ժամանեց առանց գերիների, կարելի է կարծել, որ վերջին պահին կողմերից մեկը հրաժարվել է կատարել նախապես իր տված խոստումը, և եթե հաշվի ենք առնում մի շարք հանգամանքներ, ապա միանգամայն տրամաբանական է, որ խոստումից հետ է կանգնել Ալիևը, որն այդ քայլով փորձ է անում կամ գերիների դիմաց ավելի մեծ բան ստանալ Երևանից, կամ էլ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո նրա վրա ճնշում է եղել Թուրքիայից:
Խնդրում եմ գերիների հարցը չդարձնել ներքաղաքական շահարկումների թեմա, քանզի դրանով մենք միայն խանգարելու ենք նրանց վերադարձին՝ ջուր լցնելով Ալիևի և Էրդողանի ջրաղացին»: