Մամուլ

«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi-ով բախվել են բետոնե սյանը. կա 5 վիրավոր

«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi-ով բախվել են բետոնե սյանը. կա 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, այնուհետև արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ»  բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել՝ մի մասը «Ծաղկահովիտ», մի մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ:

avtovtar mitsubishi

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանը, տեսուչներ Իսահակ Դարբինյանն ու Էդգար Մելքոնյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ, համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Շիրակ Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու վիրավորները Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր վարչական շրջանի բնակիչներ են և վիրավորների մեջ են շրջանավարտներ, ովքեր մասնակցելիս են եղել «Վերջին զանգ»-ի արարողությանը:

Կիսվել