Մամուլ

Վերից վար կազմակերպված է եղել Մարտի 1-ը, ինչ շերտ բարձրացնում ես՝ այնտեղ տեսնում ես իշխանության ձեռագիրը․ Սեդա Սաֆարյան

Վերից վար կազմակերպված է եղել Մարտի 1-ը, ինչ շերտ բարձրացնում ես՝ այնտեղ տեսնում ես իշխանության ձեռագիրը։ Մարտի 1-ի ողջ իրավիճակը չի եղել ոչ զանգվածային անկարգությունները կանխելու համար բավարար հիմք, ոչ էլ այնտեղ պայթյունավտանգ իրավիճակ է եղել, ինչպես փորձում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ նախօրեին հրավիրած ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերին։

Ալումյանն ասուլիսի ժամանակ պնդումներ էր անում, թե միֆ է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Նա նույնիսկ հղում արեց Սահմանադրության 8․2 հոդվածին, ըստ որի՝ «Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը»։

Ալումյանը մեկնաբանեց, թե հոդվածում նշված անվտանգությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորություն է, իսկ ներքին անվտանգությունը այլ մարտահրավերների հետ ներառում է նաեւ զանգավածային անկարգություններ, տեռորիստական ակտեր եւ այլն։

Սեդա Սաֆարյանը Հայկ Ալումյանի պնդումն ուղղակի անընդունելի է համարում։ Նրա խոսքով՝ պաշտպանը մեջբերել է միայն այն հատվածը, որն իրենց է ձեռնտու, սակայն մեր օրենսդրության մեջ հստակ նշված է՝ ԶՈՒ-երը չի կարելի օգտագործել ներպետական հարցերում։

«Բացի այդ, իշխանությունը դեռ փետրվարի 23-ից է շատ լուրջ պատրաստվել, թե ինչպես է կազմակերպելու Մարտի 1-ը, եւ ոնց է սեփական ժողովրդին քոթակելու, որ նրանք հանրահավաքն ընդհանրապես մոռանան»,- ասաց Սաֆարյանը եւ ավելի առարկայական բացատրելու համար ասաց, որ դեռ 2008 թվականի փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին տարբեր ստորաբաժանումներից զորքի տեղաշարժ է եղել, զրահատեխնիկա է տեղափոխվել դեպի մայրաքաղաք․

«Տպավորություն է, որ մարտի դաշտը Լեռնային Ղարաբաղի սահմաններից տեղափոխվել է Երեւանի կենտրոն, եւ որեւէ մեկը չի կարող հիմնավորել ու հաստատել, որ հանրահավաքի մասնակիցները Մյասնիկյանի արձանի մոտ իրենց այնքան վատ են պահել, որ այս կարգի իրավիճակ է կիրառվել։

Որովհետեւ նույն գործով հարցաքննված անձինք ասում են, որ հանրահավաքի մասնակից անձանց կողմից որեւէ հակաօրինական բան չի եղել։ Այն, ինչ կազմակերպվել է Լեո, Պռոշյան փողոցների վրա, դրանք իշխանությունների կազմակերպած սադրիչ գործողություններն են եղել, որոնց ի պատասխան՝ իրենք փորձել են իբրեւ թե համաչափ գործողություններ ձեռնարկել»։

Մեր զրուցակիցն ասաց, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես է մեքենա վառվում, ինչպես են խմած տղամարդիկ կանգնած մեքենաների մոտ, եւ երբ մոտակա դալանում կանգնած ոստիկաններին ասել են՝ գնացեք, տեսեք՝ ովքեր են, նրանք որեւէ գործողություն չեն ձեռնարկել․

«Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ։ Բայց քրեական գործով ավելի վատ բաներ կան։ Այսինքն այն, ինչ փորձում են ներկայացնել որպես զանգվածային անկարգություն, դա ուղղակի հորինված տերմին է։ Հանրահավաքի իրավունքը, ազատությունը չի կարելի բնորոշել որպես զանգվածային անկարգության դետալ, ինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներում արձանագրել է, այդ թվում՝ Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացրած որոշման մեջ հանրահավաքի ազատության իրավունքի խախտումն արձանագրվել է որպես փաստ եւ դա վերաբերել է Մարտի 1-ի առավոտվա գործողություններին, դրանք բնորոշվել են որպես ոչ համաչափ գործողություններ։

Բոլորս գիտենք, թե Մարտի 1-ի առավոտյան ով սարքեց, այսպես ասած, «օպերացիան», ինչպես եղավ, որ հետագայում էլ այդ «օպերացիան» արդարացնելու համար կազմվեցին կեղծ զեկուցագրեր եւ ինչպես ՀՔԾ-ն հայտնաբերեց դրանք։ Ընդ որում, երբ մարդուն ասում ես՝ դու զեկուցագիր ես գրել, հերքում են, մինչեւ իրենց զեկուցագրերը դիմացը չեն դնում, իրենք չեն հիշում դրանք։ Դա նշանակում է, որ այդ զեկուցագրերը կամ կեղծվել են, կամ հետին թվով են կազմվել, կամ դրանց մեջ եղած նյութը իրականությանը չի համապատասխանում։ Այդ զեկուցագրերը վերաբերում են հենց Մարտի 1-ի առավոտվա՝ իբր թե հանրահավաքի մասնակիցների զինված լինելու կասկածանքներին»։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել