ՄամուլՏեսանյութ

Վիրավորների հետ մեզ էլ հանեցին դիրքերից․ Գեղեցկուհի Վերա Սաֆարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին

Վիրավորների հետ մեզ էլ հանեցին դիրքերից․ Գեղեցկուհի Վերա Սաֆարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին

Iravaban.net-ը գրում է․ 2020 թվականի 44-օրյա պատերազմին է մասնակցել գեղեցկուհի Վերա Սաֆարյանը։

Ծնունդով հադրութեցի Վերան ծառայում էր օկուպացված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, երբ սկսվել է պատերազմը։ Մասնագիտությամբ մանկավարժ Վերային աշխատանքի փնտրտուքները հասցրել էին զինված ուժեր։

«Սեպտեմբերի 27-ին ստանում եմ զանգ, որ լարված է իրավիճակը։ Թողնում եմ երեխայիս և մորս ու մեզ բարձրացնում են դիրքեր։ Իմ տարիքի մարդիկ տեսել են ու զգացել են պատերազմի հետևանքները և ես պատկերացում ունեի, թե ինչ է պատերազմը։ Իմ հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմում։ Մենք գիտեինք հողի գինը։ Մանկության տարիներին մենք պայթած ականից խաղալիքներ էինք սարքում և դա մեր առօրյայի մի մասն էր։ Արցախը պատերազմական գոտի էր և բոլորը վտանգի տակ էին, շատ չէր տարբերությունը զինծառայող ես, թե խաղաղ բնակիչ»,-պատմել է նա։

Վերան հիշում է 2020-ի սեպտեմբերի 27-ի Հադրութում հնչած առաջին պայթյունի ու տագնապի ազդանշանի ձայները․ «Կապ չկար, ես ընտանիքիցս լուր չունեի։ Գիտեի, որ խաղաղ բնակչությունը հրետակոծության տակ է։ Մի կերպ կապվել եմ ընտանիքիս հետ, իմացել եմ, որ ապաստարան են տեղափոխվել։ Հետո սկսեցին առաջին վիրավորներին տեղափոխել, այդ տեսարանն իմ 30 տարիների ամենաահավոր տեսարանն էր։

Անզոր էի օգնել ու գիտակցում էի, որ ամեն տղա մի ընտանիքի երեխա է ու հասկանում ես, թե ինչ է զգում իր ծնողը։ Երբ թշնամուն հաջողվում է առաջ գալ, հնչում է հրաման՝ կին զինծառայողներին հանել առաջնագծից։ Վիրավորների հետ մեզ էլ հանեցին դիրքերից։ Գալիս ենք Ֆիզուլի, այդտեղ ավելի վատ տեսարաններ էր․ ջահել տղաների մահ ենք տեսնում»,-պատերազմի մասին հիշելով պատմել է Վերան։

Մեր զրուցակիցը սեպտեմբերի 30-ին խնդրել է, որպեսզի մայրը իր որդուն հանի Արցախից, ինքը շարունակել է մասնակցել մարտերին։

«Հոկտեմբերի 6-ին լսեցինք ավտոմատի ձայներ, փորձեցինք կապ հաստատել առաջնագծի հետ, ասացին՝ մերոնք չեն։ Մենք հասկացանք, որ թշնամին արդեն քաղաքի մեջ է, դիրքավորված էր քաղաքում։ Եղել է դեպք, որ մեզ հետ սպա է եղել, գնացել է, որ ապահովի մեքենայի անվտանգությունը, կրակել ու սպանել են։ Ես մինչև հիմա չեմ հասկանում, ոնց է կանանց հաջողվել դուրս գալ»,-ասել է Վերան։

Կիսվել