Վենդետայի պատասխանատուն գործող իշխանությունն է. Մանվել Գրիգորյանի փաստաբանի պատասխանը՝ Փաշինյանին
Անձին չի կարելի պահել կալանքի տակ այն մտավախությամբ, որ կարող է վենդետա լինել։ Այս մասին ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը ասել էր.
«Իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա»։
Լեւոն Բաղդասարյանի կարծիքով՝ երկրում հնարավոր վենդետայի պատասխանատուն գործող իշխանությունն է.
«Եթե երկրում կա վենդետա, ապա դրա ուղղակի կրողը պետք է լինի երկրի բարձրագույն իշխանությունը։ Անձին չի կարելի պահել կալանքի տակ այն մտավախությամբ, որ կարող է վենդետա լինել»,–ասաց նա։
Նա նշեց, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, որոնք, ըստ նրա, Մանվել Գրիգորյանի պարագայում բացակայում են։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր ձեռքի տակ չկա փաստ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքին, Բաղդասարյանն ասաց.
«Երեւի պարոն վարչապետին ճիշտ չեն զեկուցել. կա համապատասխան բժշկական տեղեկանք, որ նրա մոտ բացասական դինամիկա է գրանցված, եւ անձին նման պայմաններում կալանքի տակ պահելը պարզապես հակացուցված է»։
Պաշտպանը հույս հայտնեց, որ օբյեկտիվ քննության արդյունքում իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կփոխվի։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափով ուրիշի գույք հափշտակելու համար:
Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:
Աղբյուր՝ news.am