Մամուլ

Վեհափառ Հայրապետի դեմ դուրս գալը նույնն է, ինչ եկեղեցու դեմ դուրս գալ․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

Կաթողիկոսի հնարավոր փոխարինման, կանոնադրության փոփոխության և եկեղեցու կարգերի վերաձևման վերաբերյալ հարցերը եկեղեցական իրավակարգով ամբողջապես գտնվում են Ազգային եկեղեցական ժողովի իրավասության տիրույթում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։

Փաշինյանը հուլիսի 23-ին հայտարարեց, որ «Վեհարանն ազատագրելու» շարժման անդամները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների ու ինքը համապատասխանում է դրանց և կարող է առաջնորդել շարժումը։ Նա առաջարկեց Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո կաթողիկոսական տեղապահ նշանակել բարեվարքությամբ աչքի ընկնող ամուսնացյալ քահանայի, իսկ կաթողիկոսական նոր ընտրությունների առաջ աշխարհաբար թարգմանել «Կանոնագիրք» հայոց»–ը։

«Հիմա բոլոր հարցերի պատասխանը տալիս է Ազգային եկեղեցական ժողովը՝ ում կնշանակեն տեղապահ, ինչ կանեն, ինչպես կստուգեն։ Դա ոչ իմ, ոչ որևէ մեկ այլ անձի քննարկելիքը չէ։ Դա Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն օրենսդիր և կաթողիկոսընտիր մարմնի լիազորությունն է։ Մնացած բոլոր դեպքերում դրանք ավելին չեն, քան պարզապես առաջարկություններ։ Էլ չեմ խոսում, եթե հարցը զուտ դավանաբանական շերտ և տարողունակություն ունի, դա նաև Եպիսկոպոսաց ժողովի որոշելիքն է», – ասաց Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Ինչ վերաբերում է ամուսնացյալ քահանայի նշանակման հնարավորությանը, հոգևորականը նշեց` Հայ եկեղեցու պատմության մեջ ընդամենը մեկ բացառություն է եղել 20-րդ դարի սկզբին։

«Ցեղասպանությունից հետո Հովհաննես ավագ քահանա Մկրյանը Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ է եղել։ Բայց կաթողիկոսի դեպքում նման նախադեպ մենք չենք ունեցել։ Կաթողիկոսի դեպքում, եթե եպիսկոպոս էլ չի եղել, եղել է վարդապետ, քահանա մենք չենք ունեցել», – նշեց Տեր Շահեն։

Անդրադառնալով Փաշինյանի` եկեղեցու կանոնադրությունն աշխարհաբարով փոխարինելու հայտարարությանը` հոգևորականը նշեց, որ նույնիսկ աշխարհաբար թարգմանելու դեպքում կանոնադրությունն ամբողջությամբ չի արտացոլում եկեղեցու կանոնական իրավունքը։ Նրա խոսքով՝ կանոնադրության մեջ ներառված են մինչև 11-րդ դարի կանոններ, մինչդեռ եկեղեցին դրանից հետո էլ է կանոններ հաստատել։

«Եկեղեցու դավանաբանական, կանոնական ու վարդապետական հարցերը չի կարող որոշել ոչ մի անձ՝ լինի նա եպիսկոպոս, գիտնական, թե աշխարհական։ Այսպիսի հարցերը հնարավոր է քննարկել միայն Ազգային եկեղեցական ժողովի և Եպիսկոպոսաց ժողովի շրջանակում։ Եթե չմտնենք պատմության խորքերը, ապա սա արդեն 19-րդ դարի 2-րդ կեսից ամրագրված, պաշտոնապես հաստատված և նվիրագործված ավանդույթ է։ Եթե Ազգային եկեղեցական ժողով գումարվի, որը փոփոխություններ որոշի, այլ հարց է, քանի որ հենց դա է եկեղեցու գերագույն մարմինը։ Կոպիտ օրինակ բերեմ` նույնն է, ինչ Ազգային ժողովի փոխարեն ընտրել այլընտրանքային մարմին, որը որոշումներ կընդունի նրա անունից։ Չի կարող, չէ՞, որովհետև պետության հիմքերը, կառուցվածքն այդպես չեն թելադրում։ Նույնն էլ եկեղեցու պարագայում է՝ Ազգային եկեղեցական ժողովի այլընտրանք պարզապես չի կարող լինել», – բացատրեց Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Խոսելով Վաղարշապատի հրապարակում Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր հանրահավաքի և դրա ելքերի մասին՝ հոգևորականը նշեց, որ հնարավոր է մարդկային հաշվարկներով եկեղեցու դեմ քայլեր ծրագրել, բայց ընդգծեց՝ եկեղեցու հիմքն աստվածային է, ոչ թե քաղաքական։

«Եկեղեցում միշտ էլ լինելու են հոգևորականներ, միշտ էլ լինելու են ընտրյալներ, որոնք եկեղեցին տանելու են Աստծո կամքի և ծրագրի համաձայն։ Մարդը մտադրվում է, Աստված՝ տրամադրում։ Մենք չենք որոշողը։ Կարող ենք զուտ մարդկային չափանիշներով խոսել, գնահատել, բայց եկեղեցին միայն մարդկային հաստատություն չէ, այն գերազանցապես աստվածային հաստատություն է, և Աստված ինքն է որոշում եկեղեցու ելքը։ Հետևաբար խոսել մի բանի մասին, որը զուտ մարդկային բան է, դա նշանակում է եկեղեցին դարձնել կուսակցական ինչ–որ «կանտորա», ինչ–որ վարչության գրասենյակ, որը, կներեք, բայց անհեթեթություն է», – ընդգծեց նա։

Հոգևորականը նշեց, որ եկեղեցու դեմ միշտ էլ դուրս են եկել նրանք, ովքեր չեն ընդունել նրա սրբագործված կարգն ու ուղղափառ վարդապետությունը։

«Վեհափառ Հայրապետի դեմ դուրս գալը նույնն է, ինչ եկեղեցու դեմ դուրս գալ։ Նա այդ նվիրապետական կարգի մասն է։ Նույնը ես եմ, քահանան է, սարկավագը։ Հետևաբար սա ուղղակի եկեղեցու դավանաբանության ժխտում է։ Եթե ասում են՝ մեզ վեհափառ հայրապետ պետք չէ, ուզում են ունենալ ամուսնացյալ քահանա, դա նշանակում է պարզապես չընդունել եկեղեցու նվիրապետական կարգը, որը դավանաբանորեն արտահայտվում է առաքելական հաջորդականությամբ», – շեշտեց հոգևորականը։

Ինչ վերաբերում է բանադրանքին կամ նզովքին` Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը նշեց` դրանք միշտ էլ գործածելի են, բայց պետք է կիրառվեն ըստ կանոնների՝ եկեղեցու բարձրագույն իշխանության որոշմամբ։