Վեդու համայնքապետարանում լարված իրավիճակ է
Վեդու համայնքապետարանում լարված իրավիճակ է, հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանին խոչընդոտում են մասնակցել Վեդու համայնքապետարանում անցկացվող «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հարցի քննարկմանն, այն դեպքում, երբ քննարկումը դռնբաց է։
Նշենք, որ Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է և հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայր, իսկ Վեդու ավագանու քվեարկությունից է կախված՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն Կարմիր սարում հանքարդյունահանման թույլատվություն կստանա», թե ոչ։
Համայնքապետարանի դիմաց հավաքված ոստիկանության աշխատակիցները Չախոյանին վստահեցնում են, որ չի կարող մասնակցել քննարկումներին, քանի որ կողմնակի անձ է համարվում, այնինչ Չախոյանը դիմում է ներկայացրել այդ քննարկումներին մասնակցելու համար։ Ոստիկանները նաև պատճառաբանում են, որ քննարկմանը մասնակցելու համար դահլիճում տեղ չկա, սակայն ըստ Չախոյանի կադրերի՝ կան ազատ տեղեր։
«Եթե չեք թողնում, իրավական ակտ ներկայացրեք, որ այս օրենքի հիման վրա իրավունք չունեք մասնակցելու։ Խայտառակություն է, պետք է ասեն օրենքի երկիր է, այս է, այն է։ Նիստերի դահլիճն ազատ է, առնվազն երեք տեղ կա»,- համայնքապետարանի շենքի դիմաց հայտարարել է Չախոյանը։
Չախոյանը լսումներին մասնակցելու է գնացել գաղափարակից ընկերոջ հետ, սակայն ընկերոջը ևս թույլ չեն տալիս մասնակցել լսումներին։ Երկար բանակցություններից հետո Չախոյանին թույլ տվեցին մասնակցել նիստին, սակայն վերջինս համաձայն չէ միայնակ մասնակցել լսումներին։



