Ժամանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Սիրելի շրջանավարտներ, 

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ:

Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք:

Հույս ունեմ, որ համատեղ ջանքերի արդյունքում այս իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի ու բնականոն կյանքին վերադառնալուն պես, չնայած ուշացումով, այնուամենայնիվ լիարժեք կկարողանաք հավաքվել ու միասին կյանքի կոչել ձեր ավարտական միջոցառումը: 

Սիրելի շրջանավարտվեր, 

Ձեզ համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ դուք կկարողանաք լիարժեք իրացնել ձեր տաղանդը: 

Կյանքի այս ծաղկուն շրջանում դուք պետք է օգտվեք բոլոր հնարավորություններից, որոնք թույլ կտան ստանալ մասնագիտական գիտելիքներ, փորձ և նոր հմտություններ։

Հորդորս է, որ այդ ուղղությամբ ներդնեք բոլոր ջանքերը, որպեսզի հետագայում կարողանաք առավել հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ բարձր որակավորմամբ մասնագետներ և ձեր կարողություններով նպաստեք մեր երկրի զարգացմանն ու շենացմանը։

Սիրելի պատանիներ՝ դուք եք մեր պետության ապագան և մենք վստահ ենք, որ ի դեմս ձեզ՝ ունենալու ենք նոր պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներում։

Կյանքի նոր փուլում մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ, անսպառ եռանդ և երջանկություն։ Սիրում եմ բոլորիդ։ 

Կիսվել