Վարչապետի թեկնածու դառնալը Բագրատ սրբազանի լավագույն երազներից չէր, հարկադրված է ընդունել առաջարկը. Մայր Աթոռի դիվանապետ
Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե եկեղեցին ինստիտուցիոնալ առումով քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության հասնելու որևէ ձգտում, առաջնահերթություն չունի։
Ըստ նրա՝ այդ պատճառով է, որ որոշել են գնալ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ հոգևոր ծառայությունը կասեցնելու ճանապարհով։
«Ինչ-որ մի պահից սկսած՝ Բագրատ սրբազանը ներգրավվեց այնպիսի գործընթացների մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում: Եվ եթե հետևել եք մեր հայտարարություններին, մենք այնտեղ արձանագրել ենք, որ հաշվի առնելով, որ քաղաքական գործունեությունն անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, այդ իսկ պատճառով ընթացք է տրվել Բագրատ սրբազանի խնդրանքին՝ առժամանակ դադարեցնելու, կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։
Այսինքն՝ այդ պահից սկսած՝ Բագրատ սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»,- նշել է նա։
Վերջինս խոսել է նաև, թե ինչո՞ւ հոգևորականը որոշեց դառնալ վարչապետի թեկնածու․ «Նման պրակտիկա, իրավիճակ չի եղել, երբ հոգևորականը տարբեր կուսակցությունների միահամուռ ցանկությամբ առաջադրված լինի վարչապետի թեկնածու։
Ինքս խոսել եմ Բագրատ սրբազանի հետ և համոզված եմ, որ վարչապետի թեկնածու դառնալը նրա լավագույն երազների ոլորտից չէր։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ինքը հարկադրված էր ընդունել այդ առաջարկը, քանի որ համախմբումն առաջացել էր իր անձի շուրջը:
Այդ իրավիճակում մեր կողմից գտնված միակ լուծումն այն էր, որ պետք է առժամանակ կասեցվեր, սառեցվեր իր հոգևոր ծառայությունը, որ հնարավորություն ունենար շրունակել: Ընտրությունն իրենն է: Բնականաբար, եթե հոգևոր ծառայությունը կասեցվում է արժանապես, այս որոշման մեջ արտացոլված է նաև Եկեղեցու ամբողջական կեցվածքը»։