Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը. Տեսանյութ
Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:
Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Այսօր մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը և մինչ բուն օրակարգի քննարկման անցնելը՝ կցանկանայի անել մի քանի շեշտադրումներ:
Ընդհանրապես, ինչո՞ւմ է կայացել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրը: Խնդիրը եղել է այն, որ, ըստ էության, մշտապես, անընդհատ, բազմիցս, մեծածավալ այդ մասին խոսվել է, բայց իրականությունը դրանից չի փոխվել:
Դրա համար եղել են բազմաթիվ պատճառներ, և այդ բազմաթիվ պատճառներից ամենակարևորը, իմ գնահատմամբ, քաղաքական կամքի բացակայությունն է եղել, և երբեք Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմները չեն համապատասխանել դրա վերաբերյալ խոսակցության ծավալներին և բովանդակությանը:
Այսօր միանշանակ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին:
Ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Իրավիճակն այսպիսին է, հիմա արդեն կարող ենք ասել, առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով:
Իհարկե, ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, այստեղ պետք է նաև համակարգային պատճառները չանտեսել, այդ թվում` որոշակի համակարգային հնարավոր դիմադրությունը չի կարելի անտեսել, և այսօր մենք խնդիր ունենք ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը և՛ կանխարգելման իմաստով, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով հնարավորինս և ցանկալի է 100 տոկոսով համապատասխանի այն քաղաքական կամքին, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և որն ունի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական մեծամասնությունը:
Իհարկե, այս համատեքստում մենք ունենք նաև որոշակի մարտահրավերներ, որոնցից կարևորագույնն անձամբ ինձ համար հետևյալն է. հակակոռուպցիոն պայքարը կազմակերպել բացառապես այնպիսի եղանակներով, ձևերով և կառուցակարգերով, որպեսզի դրանք հանկարծ որևէ կերպ կամա թե ակամա չվնասեն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության իմիջին և ժողովրդավարական իրականությանը:
Սրանք նույնպես շատ կարևոր խնդիրներ են, որոնք մենք մեր առաջ դնում ենք և պետք է դնենք, բայց մի բան ակնհայտ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և խորհրդարանական մեծամասնության համար աներկբա է կոռուպցիայի դեմ ամենակոշտ ձևերով պայքար մղելը: Ընդ որում, շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ կոռուպցիա ասելով մենք նկատի չունենք նախկին կոռուպցիան միայն, մենք նկատի ունենք նաև ընթացիկ և, որ շատ ավելի կարևոր է, ապագա կոռուպցիան:
Այսինքն, երբեք չի կարելի այսպիսի տարբերակում դնել, որովհետև, իմ գնահատմամբ, կոռուպցիան վտանգավոր է եղել անցյալում, կոռուպցիան ավելի վտանգավոր է հիմա, կոռուպցիան ավելի վտանգավոր է դառնալու ապագայում մեր երկրի և ժողովրդի ճակատագրի համար: Եվ ուրեմն մենք պետք է արագ, բայց անշտապ և առանց չմտածված քայլերի կարողանանք երաշխիքներ ստեղծել, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան չի կարող ունենալ այն ծավալները և ազդեցությունը, որ երբևէ ունեցել է:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, Մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր այս գործընթացի մեջ ներգրավված են ոչ թե ի պաշտոնե, այլ համաձայնությամբ և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս համատեղ աշխատանքը դարձնել իրապես արդյունավետ»: