«Վարչապետը նախ թող ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից, ապա նրանց հրավիրի անկախության տոնը միասին նշելու»․ Շարմազանով
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։ «Երկու օր առաջ երկրորդ և երրորդ նախագահներին Փաշինյանն անվանեց քաղաքական դիակ և վիրավորեց անձնապես, այսօր էլ հայտարարում է, որ հրավիրում է միասին նշել Անկախության օրը:
Կարծում եմ՝ քաղաքական կոռեկտությունը և էթիկայի էլեմենտար կանոնների պահպանումը պահանջում են, որպեսզի վարչապետը նախևառաջ հրապարակային ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից՝ նրանց հրապարակավ վիրավորելու համար, ապա միայն հրավիրի անկախության տարեդարձը միասին տոնելու»,- շեշտեց Շարմազանովը:
Մեր հստակեցնող հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը կմերժի հրավերը, Շարմազանովն ընդգծեց, որ դա իր անձնական տեսակետն է: «Ինքը Հայաստանի պաշտոնաթող նախագահն է, ինքը կորոշի՝ ինչպես վարվել: Ես իմ կարծիքն եմ ասում՝ ինձ համար նոր իշխանությունների և վարչապետի քաղաքական վարքագիծը տարօրինակ է»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև երեկ էլ Հայաստանում էր և առաջիկա օրերին նրա՝ երկրից դուրս գալու մասին որևէ տեղեկություն չունի:
Աղբյուր՝ factor.am