Վարչապետը հակահեղափոխական մարդկանց իրա թիմում պետք է ման գա. Գագիկ Ծառուկյան
Ժողովուրդը ուզում է դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում, մենք այդպիսի խնդիր չունենք: Այս մասին
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ասաց ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա տեղեկացրեց, որ հանդիպելու է արտախորհրդարանական ուժերի հետ, նրանց, որոնք չեն համագործակցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ:
Ծառուկյանը վստահեցրեց, որ եթե անգամ նախկինում կառավարության մաս էին կազմում, իսկ հիմա՝ ոչ, իր համար դա ոչ մի բան չի փոխել:
Ճշտող հարցին՝ նշանակում է հակահեղափոխությանը չի միացել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հեղափոխության կողմնակիցն եմ եղել եւ այսօր ավելի շատ եմ անելու, պատասխանատվությունը ինձ վրա է, գալիս են 25 երկրներից 5 հազար ներդրողներ՝ ներդրումների համար»:
Գագիկ Ծառուկյանը պարզաբանեց, որ ներդրողների հոսքը կանգնել է ոչ թե այն պատճառով, որ արտահերթ ընտրություններ չեն լինում, այլ բոլորովին այլ պատճառով. «5 մեքենա իրար հետեւից գնում ա, պառկացնում են ասֆալտին, ինչի համար: Այսօր հիմնական խնդիրը, որի մասին ես ուզում եմ ասել, որ պարոն վարչապետը այդ հակահեղափոխական մարդկանց իրա թիմում պետք է ման գա»:
Նա նկատեց, որ վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեկ երրորդը հատկացրել է, այնինչ կարող էր իր թեկնածությունը դնել. «Ասել եմ ժողովուրդ ջան, ձեր ուզածով է լինելու: Այսօր հեղափոխությունը առանց արյան չի լինում, «վլաստը» հենց այնպես չի տրվում, բայց Ծառուկյանը ոտի է հելել»:
«Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ինչ վատ բան եմ արել իմ ժողովրդին»,-հավելեց ԲՀԿ նախագահը:
Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միզոյանին ձերբակալել էին, առաջինը ինքը նրանց կողքին կանգնեց. «Այդ ժամանակ ոչ մեկը չէր պատկերացնում, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բայց ես կանգնել եմ կողքին եւ Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն եմ ունեցել: Անմիջապես զանգել է ինձ, ես ասել եմ՝ ընդդիմադիր եմ եւ իմ ընդդիմադիր գործընկերների հետ եմ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա ընդգծեց, որ միայնակ հեղափոխություն անել հնարավոր չէ:
Նշենք, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որի համաձայն հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:10-ին Գագիկ Ծառուկյանը պետք է տար կարեւոր հարցերի պատասխանները, բայց հաղորդումը հեռարձակվեց մոտ 2 ժամ ուշացումով:
Մինչ այդ ԲՀԿ նախագահը փակ քննարկում էր անցկացրել կուսակցության քաղաքական թիմի անդամների հետ:
Աղբյուր՝ news.am